ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայի՝ Ս-400 համակարգերի գնմամբ. Պետդեպարտամենտի խոսնակ

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նոյերթ Հիզերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ռուսաստանից Թուրքիայի՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմամբ: Փոխանցում է պետդեպարտամենտի կայքը:

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

«Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ունենան ՆԱՏՕ-ի համակարգերին համապատասխանող սպառազինություն: Եթե Թուրքիան գնի ռուսաստանյան համակարգ, ապա դա չի համապատասխանելու չափորոշիչներին, ինչն էլ մտահոգության պատճառ է մեզ համար»,— հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն պատրաստվում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ Թուրքիան չգնի Ս-400 համակարգեր՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չէ նմանատիպ խոսակցություններից:

Նույն օրը ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Ջոն Մայքլը, ի պատասխան ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության լրագրողի հարցին, նշել է, որ ԱՄՆ-ն դժգոհ է Ռուսաստանից Ս-400-ներ գնելու վերաբերյալ Թուրքիայի ընդունած որոշումից:

«Մենք թուրք պաշտոնյաներին հայտնել ենք մեր մտահոգությունը Ս-400-ների ձեռքբերման վերաբերյալ: Թուրքիայի հետ այդ հարցում բաց երկխոսության մեջ ենք և ընդգծել ենք ռազմական խոշոր գնումների դեպքում ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համապատասխանելության պահպանման նշանակությունը»—ասել է պենտագոնի խոսնակը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության ոլորտում իր պահանջները հոգալու համար շարունակում է հետաքրքրվել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի արտադրած հակահրթիռային համակարգերով:

Մեզ հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Ս-400 համակարգերի վաճառքի հարցում չափազանց մեծ է քաղաքական բաղադրիչը:

«Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ այս գործարկով լուծել կարճաժամկետ խնդիր և միևնույն ժամանակ դժվարին կացության մեջ դնել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և հատկապես Միացյալ Նահանգներին հետագայում ոչ միայն հակաօդային, հակահրթիռային պաշտպանության համալիրների, այլ նաև ռազմաքաղաքական մի շարք ոլորտներում իր համար ցանկալի արդյունքներ ապահովելու համար»,— նշեց թուրքագետը:

Ըստ թուրքագետի՝ գործարքի կայացումը չափազանց լուրջ խնդիր չի առաջացնի Թուրքիա-ԱՄՆ և Թուրքա-ՆԱՏՕ հարաբերություններում: Լևոն Հովսեփյանը նաև չբացառեց, որ Թուրքիան հնարավոր է հետագայում իր ձեռք բերած համալիրների որոշ բաղադրիչներ փոխանցի արևմտյան բևեռի իր գործընկերներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին Ս-400 համակարգերի ձեռքբերման համար: Նույն օրը Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ս-400-ների համար պայմանագիրը ստորագրվել է, պատրաստվում են դրա իրականացմանը:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Սակայն նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում, չի բացառվում, որ ամերիկյան կողմից կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում, Թուրքիան հրաժարվի ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերից:

Առավել ևս, որ նման նախադեպ արդեն եղել է Չինաստանի հետ: 2013-ին Թուրքիան և Չինաստանը համաձայնվել էին ՀՕՊ միջոցների վաճառքի հարցում, սակայն հետագայում ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան հրաժարվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *