Ադրբեջան. Ռազմաշաբաթի ամփոփում. ապրիլի 29 – մայիսի 5

Հունիսի 26-ին՝ ռազմական շքերթ Բաքվում։ Ադրբեջանական արտադրության գնդացիրներ ու դիպուկահար հրացան՝ Ստամբուլում կայանալիք ցուցահանդեսին։ ՆԶՊ ձեռնարկը վերահրատարակելու առաջարկ։ Պակիստանի և Ադրբեջանի ՌԾՈՒ հանդիպում։ Սաֆար Աբիևն ու Իլհամ Ալիևն ընդունել են ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավարին։

1. Ադրբեջանի ԶՈՒ կորուստները մայիսի առաջին շաբաթում:

2. Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովը հայտնել է, որ հունիսի 26-ին կանցկացվի ռազմական շքերթ ՝ Ադրբեջանի ԶՈՒ 95-ամյակի առիթով՝ շեշտելով, որ ներկայացվելու են բոլոր զորատեսակներն ու ռազմական տեխնիկան: Նշենք, որ հունիսի 26-ը հռչակվել է Ադրբեջանի ԶՈՒ օր՝ համաձայն 1998-ի մայիսի 22-ի նախագահական հրամանագրի: Օրվան նվիրված ամենամեծ զորահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 6000 զինծառայող և ներկայացվել է շուրջ 400 տեսակի ռազմական տեխնիկա, անցկացվել է 2011-ին:

3. Մայիսի 7–10-ը Ստամբուլի IDEF-2013 ցուցահանդեսում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը կներկայացնի 7,62 տրամաչափի Yalquzaq դիպուկահար հրացանը և ձեռքի գնդացրի երկու նմուշ՝ UP-7.62, որը ցուցադրվել է դեռևս IDEF-2011-ին, և HP-7.62, որը ստեղծվել է 2012-ին և այժմ փորձարկման փուլում է: Գնդացիրներից առաջինը նախատեսված է համազորային օգտագործման համար, կշռում է 7,5 կգ և ադրբեջանցիների խոստովանությամբ՝ խորհրդային արտադրության «Կալաշնիկովի» գնդացրի տարբերակ է: Երկրորդը հատուկ ուժերի և հետախույզների համար է, քաշը` 7 կգ:

4. Ադրբեջանի՝ մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայությունը դիմել է կրթության նախարարություն՝ առաջարկելով վերահրատարակել միջին դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասագիրքը: Հին ձեռնարկը չի համապատասխանում արդի պահանջներին, քանի որ չի արտացոլում ԶՈՒ կառուցվածքի փոփոխման, նոր ռազմատեխնիկայի և ռազմական օրենսդրության մասին տեղեկությունները:

5. Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պակիստանի Կարաչի քաղաքում մայիսի 2–3-ը պետք է կայանար Ադրբեջանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու էին ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարները: Այս տարվա մարտին Ադրբեջանի ՌԾՈՒ զինծառայողները մասնակցել են 2007-ից սկսած երկու տարին մեկ անգամ կազմակերպվող հնգօրյա «Աման-2013» միջազգային ծովային զորավարժություններին, որոնց հիմնական նպատակը հակաահաբեկչական պայքարի կազմակերպումն է և ծովային առևտրի անվտանգության պահպանումը:

6. Մայիսի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Ուիլյամ Ֆրեյզերին: Կողմերը քննարկել են ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և անվտանգության հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Մայիսի 4-ին գեներալ Ֆրեյզերին ընդունել է Իլհամ Ալիևը: Հանդիպման ժամանակ գեներալը կարևորել է Աֆղանստանում Ադրբեջանի խաղաղապահների ծառայությունը և հույս հայտնել այս բնագավառում հետագա համագործակցության ընդլայնման մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *