Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սեպտեմբերի 12-ին հրապարակել է 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն իրականացված ռազմական գործողությունների վիճակագրություն. Ներառվել են Թուրքիայի ներսում և այլ երկրների տարածքում իրականացված գործողությունների տվյալներ: Վիճակագրությունում ներառվել են Թուրքիայի զինված ուժերի, ոստիկանության, ժանդարմերիայի, անվտանգության այլ ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքները:
Համաձայն Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում թուրքական կողմի կորուստները կազմել են՝
- Թուրքիայի ԶՈւ, այլ ուժային կառույցներ
- սպանված՝ 127,
- վիրավոր՝ 356:
- Քաղաքացիականներ
- սպանված՝ 32,
- վիրավոր՝ 40:
Նույն հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի ներսում «վնասազերծվել է» 986, իսկ Թուրքիայի սահմաններից դուրս՝ 867 «ահաբեկիչ»:
Ըստ հաղորդվող տվյալների՝ նշված ժամանակահատվածում թուրքական կողմն իրականացրել է 562 ցամաքային և օդային գործողություն, որոնց ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Ավելացնենք, որ Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի և Իրաքի տարածքում: Մասնավորապես այդ հատվածներում թուրքական կողմը «Իսլամական պետություն՞ ահաբեկչական խմբավորումից բացի գործողություններ իրականացրել է նաև տեղի քրդական ուժերի դեմ, որոնց համարում է «ահաբեկչական»: Սակայն նշված ուժերի հետ համագործակցում է Միացյալ նահանգները:
Ներկայում այդ քրդական ուժերը պայքարում են Ռաքքա քաղաքը և Սիրիայի մի շարք այլ բնակավայրեր ԻՊ-ից ազատագրելու համար: Ըստ այդմ, եթե անգամ ներկայացված տվյալները իրականության համապատասխանում են, ապա այդ սպանվածների մի մասին առնվազն «ահաբեկիչ» համարում է միայն Թուրքիան:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի կորուստների թվին, ապա չի բացառվում, որ այստեղ կարող են ներկայացված լինել ոչ ամբողջական տվյալները, ինչպես եղել է նախորդ տարիներին: