Սեպտեմբերի 11-ից 15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը անցկացնում է Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում և շտաբային ուսումնավարժություն: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի կայքը:
Ստուգումն անցկացվում է ՀՀ վարչապետի որոշմամբ և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով:
Այդ նպատակով սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն Տավուշի մարզի քաղպաշտպանության (ՔՊ) վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի ՔՊ ղեկավար կազմի մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի, նախարարությունների ու գերատեսչությունների, հանրապետական և մարզային ծառայությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և այլ պատասխանատուներ:
Ավելի վաղ՝ 2017-ի հուլիսին, ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում: Իսկ մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս 10 հենակետ բացել Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում:
Նշենք, որ 2017-ի փետրվարին ՀՀ վարչապետի որոշումով ձևավորված սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության զբաղվող հանձնաժողովի կազմում է նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը: Հանձնաժողովի գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: