Ադրբեջանի պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի տեղակալ Իլգար Մուսաևը հայտարարել է, որ վերջին 1 տարում Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող և նրանց աջակցող Ադրբեջանի 151 քաղաքացի զրկվել է քաղաքացիությունից: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Նա նաև հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումներին անդամակցող 82 մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջան վերադառնալուց հետո: Ըստ Մուսաևի՝ ադրբեջանցիների մեծ մասն էլ սպանվել է Սիրիայում և Իրաքում ընթացող մարտերի ընթացքում:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ 2017-ի մարտի դրությամբ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականին մինչև 2017թ. Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող Ադրբեջանի 252 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նույն զեկույցի տվյալներով՝ Ադրբեջանի ևս 1677 քաղաքացու մուտքը Թուրքիա արգելված է: