Սպասվում են փոփոխություններ՝ ուսանողների՝ պարտադիր զինծառայության տարկետման օրենքում։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը քննարկելու է իրենց խաղաղապահ ուժերի՝ ռազմական գործողություններում մասնակցության հարցը։ Երեք կորուստ՝ մեկ շաբաթում
1. Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն ապրիլի վերջին շաբաթում
2. Ադրբեջանի խորհրդարանի գիտության և կրթության կոմիտեն մոտ ժամանակներս քննարկելու է «Գիտության մասին» օրենքի նախագիծը, որի կետերից մեկը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությանը: Օրինագծի՝ «Պետական աջակցության ցուցաբերում գիտական աշխատանքին և գործունեությանը» հոդվածում նշված է, որ պետական լիաժամկետ կրթության սկզբունքների համաձայն՝ դոկտորանտուրայի և մագիստրատուրայի առկա ուսուցման ուսանողներին տրվելու է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:
Հավելենք, որ ուսանողներին նման իրավունք ընձեռող «Զինվորական կոչման և ծառայության մասին» օրենքը վերացվել էր դեռևս 2006-ին: Ներկա դրությամբ բակալավրի աստիճան ունեցող ուսանողները կարող են շարունակել ուսումը միայն Ադրբեջանի ԶՈՒ-ում պարտադիր ծառայություն անցնելուց հետո:
3. Ադրբեջանի Միլլի Մեջլիսից (Ազգային ժողով) հայտնել են APA լրատվական գործակալությանը, որ ընթացիկ տարում փոփոխություններ են լինելու «Խաղաղապահ գործողություններում Ադրբեջանի հանրապետության մասնակցության մասին» օրենքում: Ըստ որում՝ քննարկվելու է միջազգային կոալիցիոն ուժերի կազմում ծառայություն անցնող ադրբեջանական խաղաղապահ զինվորների մասնակցությունը ոչ միայն խաղաղության հաստատման և պահպանման, այլև ռազմական գործողություններում: Օրինագծի հեղինակներից մեկը՝ խորհրդարանի՝ անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը, մանրամասնել է, որ փոփոխության ընդունման դեպքում ադրբեջանական խաղաղապահ ուժերն իրավունք կստանան մասնակցել միջազգային մասշտաբի ռազմական ու մարտական գործողություններին, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել ռազմական գործողություններ ՆԱՏՕ-ի կողմից սահմանված երկրի տարածքում:
Նշենք, որ օրենքի սպասվելիք փոփոխությունը միանշանակ չի ընդունվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հաղորդել է, որ դեմ է ռազմական գործողություններում ադրբեջանցի խաղաղապահների մասնակցությանը, քանի որ դրանում չկա անհրաժեշտության, դա կհանգեցնի նոր զոհերի, իսկ մինչ օրս Ադրբեջանի խաղաղապահներից զոհվել է միայն մեկը՝ Իրաքում ծառայություն անցնող Ռաֆայել Աղաևը: Ադրբեջանի խաղաղապահ ջոկատը ձևավորվել է 1997-ին՝ երկրի բանակի կազմում՝ ավելի ուշ վերափոխվելով խաղաղապահ գումարտակի, իսկ 1999-ից սկսած՝ ադրբեջանցի զինծառայողները, խաղաղապահ գործողություններ են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: