Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստան է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի ՊՆ և ԱԳՆ փոխնախարարներին, մասնակցել ռազմարդյունաբերական ցուցահանդեսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու և պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկին հույս է հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները և ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Դավիթ Փախչանյանն իր հերթին ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երևանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին:
Կիելցեի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում ՀՀ ՊՆ փոխնախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ավելացնենք, որ Հայաստանը սերտ համագործակցություն ունի լեհական «Լյուբավա» ընկերության հետ, որը Հայաստանում մասնաճյուղ ունի: «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացվել է 2014-ի հոկտեմբերին։ Այն զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» համատեղ ձեռնարկության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ից 8-ը Լեհաստանի Կելցե քաղաքում անցկացվող MSPO-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: