Վիգեն Սարգսյանը խոսել է Չինաստանից սպառազինության գնելու հնարավորությունների մասին

Չինաստան այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զենքի գնումներին՝ խոսքում նշելով, որ Հայաստանի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է, սակայն եթե հնարավորություն լինի՝ Չինաստանից գնումը ևս կդիտարկվի: 

«Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Մենք ունենք մեր հիմնական դաշնակիցը (խմբ.՝ Ռուսաստան), որը այսօր աշխարհում խոշորագույն սպառազինության մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս մեզ ամենամրցակցային պայմաններով ձեռք բերել ամենաարդիական սպառազինությունը, եթե դրանից դուրս լինեն որևէ հնարավորություններ, որոնք մեզ կարող են հետաքրքրել նաև չինական զենքի մատակարարների մոտ, իհարկե, մենք այդ երկխոսությունը ևս կշարունակենք»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին  Չինաստան այցի շրջանակներում  Վիգեն Սարգսյանն այցելել էր Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ծանոթացել այդ երկրի ռազմակրթական համակարգին

Չինաստանում նախարարը նաև այցելել էր այդ երկրի ռազմա-արդյունաբերական խոշոր ընկերություններից Poly Group ընկերություն։

Ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել փոխշահավետ համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել։

Չինաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին, որ Չինաստանը ՀՀ-ին շուրջ 1,5 մլն դոլար անհատույց ռազմական օգնություն կտրամադրի: «Արմենիային» տված հարցազրույցում նախարար Սարգսյանը նշել է, որ գումարն ուղղվելու է «ոչ մահաբեր» սպառազինության գնմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *