Մոլդովայի ԶՈւ ստորաբաժանումը նախագահի արգելքին հակառակ մեկնել է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Ուկրաինայում անցկացվող NATO Rapid Trident-2017 զորավարժությանը մասնակցելու նպատակով 57 հոգուց բաղկացած Մոլդովայի ԶՈւ ստորաբաժանումը մեկնել է Ուկրաինա։ Զինծառայողները Ուկրաինա են մեկնել նախագահ Իգոր Դոդոնի արգելքին հակառակ:

Զորավարժությանը մասնակցելու մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդ երկրի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրությամբ Մոլդովան չեզոք պետություն է, և կասեցրել էր զորավարժությանը մասնակցելու կառավարության որոշումը։

Մոլդովական կոնտինգենտի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մարկուցան

Մոլդովական կոնտինգենտի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մարկուցան

«Սահմանադրության համաձայն Մոլդովայի հանրապետությունը չեզոք պետություն է, իսկ մոլդովացի զինծառայողները, կրկնում եմ, չպետք է մասնակցեն որևէ ռազմական դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին։ Դրա հետ մեկտեղ՝ մենք չենք խոչընդոտի մոլդովացի զինծառայողներին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղարարական մանևրներին»,- հայտարարել էր Իգոր Դոդոնը։

Իր հերթին մոլդովական կոնտինգենտի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մարկուցը հայտարարել է, որ զորավարաժությանը մասնակցելու նպատակը միջազգային հարթակում Մոլդովայի բանակի հեղինակությունը բարձրացնելը և փոխգործակցությունը զարգացնելն է։

Նախագահի վարչակազմը դեռևս չի արձագանգել մոլդովացի զինծառայողների Ուկրաինա մեկնելուն։

Rapid Trident միջազգային զորավարժությունը անցկացվելու է սեպտեմբերի 7-23-ը, «Յավորիվ» զորավարժարանում։ Զորավարժությանը ներգրավվել են Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Լիտվայի, Նորվեգիայի, Իտալիայի, Էստոնիայի, Կանադայի և Բուլղարիայի  շուրջ 1800 զինծայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *