Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը: Զորախումբը գործելու է Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության պահպանման շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն. Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որոշվել է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կազմում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող զորախմբերի քանակը», — հայտարարել է Կուրաչենկոն՝ ՀՕՊ հարցերով Կոորդինացիոն խորհրդի նիստի ժամանակ:
ՌԴ ԶՈւ ներկայացուցչի խոսքերով՝ մեկնարկել են Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համար երկու երկրների միջև առկա համաձայնության գործնական իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը Մոսկվայում ստորագրել են 2015թ. դեկտեմբերի 23-ին: 2016թ. հունիսի 30-ին, համաձայնագիրը վավերացրել է ՀՀ Ազգային ժողովը, իսկ դեկտեմբերի 23-ին՝ Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը): Դեկտեմբերի 29-ին համաձայնագրի վավերացման մասին օրենքը ստորագրել է ՌԴ նախագահը:
Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:
Համաձայնագրով նախատեսվող հիմնական դրույթներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հիշեցնենք նաև, որ Աստրախանում անցկացվում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը: