Օրվա ամփոփում. Հայաստանը միայն չեզոքացնում է դիպուկահարներին: Հոգևոր առաջնորդները հորդորում են

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները հայտարարել են, որ կողմ են ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

  1. Հոգևոր առաջնորդները կողմերին  հորդորել են վերադարձնել գերիներին ու սպանվածների դիերը, շփման գծից դուրս բերել դիպուկահարներին` բացառելով հետագա մահերը: Թեմային կարելի է ծանոթանալ նաև news.am, tert.am, haynews.am լրատվական կայքերում:
  2. Մինչ հոգևոր առաջնորդները հորդորում են` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը հայտնում է, որ հոգևոր առաջնորդների դիպուկահարների հեռացման հետ կապված կոչերը գուցե փոքր-ինչ մեղմացնեն լարվածությունը շփման գծում, բայց հակամարտության կարգավորման գործընթացի վրա էական ազդեցություն չեն ունենա:
  3. Սակայն, հոգևոր առաջնորդների հորդորներն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել, որ ողջ գիշեր փոխհրաձգություն է եղել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, որի ընթացքում հակառակորդ կողմը զոհ է տվել:

Նույն օրը` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում Հայաստանը պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն»:

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Թենան նաև armenpress.am-ում:

Տպագիր մամուլն էլ գրում է, որ 50 հոգի դուրս է եկել Երկրապահ կամավորական միության կազմից: Նրանցից մեկը հայտնել է, որ կառույցի տղաների մեծ մասը ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ինչը գեներալ Մանվելին դուր չի եկել, ինչպես նաև կառույցի ներսում կատարվել են կամայական ընտրություններ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի  կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *