Սեպտեմբերի 3-ին Բյուրական գյուղի մերձակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ՀՀ ՊՆ ուղղաթիռ, զինված ուժերի զինծառայողներ արտակարգ իրավիճակների նախարարության 154 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Սեպտեմբերի 5-ի ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև դրվել է հրդեհի օջախները տեղայնացնելու և մարելու առաջադրանք:
Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում. նշվում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 4-ի հաղորդագրությունում նշվում էր, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:
Ժամը 22:30-ի դրությամբ այրված մակերեսը կազմում էր 80 հա, ակտիվ օջախներ չեն եղել, եղել են միայն պասիվ ծխացող օջախներ: