Մոլդովայի՝ Հայաստանին զենք վաճառելու սկանդալը հանգչո՞ւմ է

Մոլդովայում կարծես թե ավարտին է մոտենում Հայաստանին սպառազինություն վաճառելու առիթով առաջացած սկանդալը և չնայած մոլդովական ընդդիմության ճնշմանը՝ գործարքի «մեղավորների» համար լուրջ հետևանքներ, ըստ ամենայնի, չեն լինի։

Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերին մոլդովական «Օմեգա» լրատվական գործակալությունը հայտնեց լատվիական «Latspeceksports» SIA ընկերության միջոցով Հայաստանին վաճառված սպառազինության մասին։ Գործակալությունը պնդում էր, որ սպառազինության վաճառքն անօրինական է, իսկ վաճառքի գինն էլ ցածր է շուկայականից։ Հայաստանին փոխանցած սպառազինության ցանկում նշած էին «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգեր և դրանց հրթիռներ, «Ս-8 ԿՈՄ» հրթռիռներ և դրանց արձակման «Բ-8Մ1» կոնտեյներներ, 152մմ արկեր, «Կոբրա» հրթիռների վերահսկող-ստուգող 9Վ862 և 9Վ863 սարքեր, «Կոնկուրս-Մ» հակատանկային համակարգի վերահսկող-ստուգող 9Վ871-3 սարքեր, ինչպես նաև «Կոնկուրս», «Մետիս» հակատանկային համակարգերի մեծ թվով հրթիռներ:

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Աղբյուր՝ «Օմեգա» լրատվական գործակալություն

Խոսք կար նաև համազարկային կրակի «Ուռագան» ռեակտիվ համակարգերի (11 միավոր մարտական մեքենա և 12 միավոր տրանսպորտային-լիցքավորող մեքենա) մասին, որոնք տեղափոխվելու էին Ուկրաինա: Հաշվի առնելով, որ Ուկրաինան առանց այդ էլ «Ուռագանների» մեծ զինանոց ունի՝ կարելի է ենթադրել որ այդ երկիրը միայն միջանկյալ կանգառ էր` հավանաբար համակարգերի նորոգման և արդիականացման համար։ Մեծ է նաև հավանականությունը, որ «Ուռագանների» վերջնական գնորդը նույնպես Հայաստանն էր։

Ադրբեջանում չբավարարվեցին Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի՝ Իլհամ Ալիևին ուղղված ներողությամբ: Հավանաբար հենց ադրբեջանական ճնշման պատճառով Մոլդովայի կառավարությունը 2012-ին Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրի նախագիծ էր մշակել, իսկ 2013-ի հունվարին կնքվել էր ահաբեկչության և կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի երկկողմանի համաձայնագիր:
Բացի այդ՝ ադրբեջանական մամուլը պարբերաբար հիշեցնում է Մոլդովային ՎՈՒԱՄ (ГУАМ) անդամ լինելու մասին, մինչդեռ այս կառույցը ոչ թե ռազմական, այլ տնտեսական-էներգետիկ համագործակցություն է։ Մոլդովայի նախկին նախագահն էլ դեռևս 2009-ին դժգոհել է ՎՈՒԱՄ-ից՝ անվանելով այն «ոչ կենսունակ» համակարգ:

Ի դեպ, 2012-ի օգոստոսին Ադրբեջանում լուրեր տարածվեցին՝ իբր Հայաստանը 2011-ին համազարկային կրակի 12 հատ «Սմերչ» համակարգ է գնել, այս անգամ՝ Ուկրաինայից, սակայն Ուկրաինայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը՝ այն որակելով «սադրանք»:

Թերևս Մոլդովայի կառավարության վրա ճնշման արդյունք էր այդ երկրի խորհրդարանում հետաքննիչ հանձնաժողովի ստեղծումը, որն էլ օրենսդիրներին 2012 թվականի ապրիլի 5-ին ներկայացրած իր եզրակացության մեջ նշեց, որ 2011-ի սեպտեմբերին Հայաստանին զենք վաճառելու գործարքի կնքման ու իրականացման ժամանակ եղել են խախտումներ: Ուստի 2012-ի ապրիլի 25-ին հարուցվեց քրեական գործ:

Եվ ահա, օրերս դեպքերի ընթացքին հետևող «Օմեգա»-ն՝ հղում անելով պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցայի բլոգին, հայտնեց, որ Մոլդովայի գլխավոր դատախազությունը կասեցրել է գործը, քանի որ երկրի պետական շահերին սպառնալիքի ոչ մի ապացույց չի հայտնաբերել:
Այս հաղորդագրությունը թե՛ մոլդովական ընդդիմության, թե՛ Ադրբեջանի կողմից բացասաբար ընդունվեց։ Կոմունիստ Ա. Գորիլեն և «Քաղաքացիական կոնգրես» միավորման ներկայացուցիչ Ա. Տուլբուրեն հիշեցրին օրենքի խախտումների մասին և պահանջեցին խորհրդարան կանչել գլխավոր դատախազին՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով: Բնական է, որ խոսքը մոլդովական կողմի մոլդովական օրենսդրությունը խախտելու մասին է, քանի որ Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը որևէ միջազգային նորմ չի խախտում և միանգամայն օրինական է։ Ադրբեջանցիներն էլ շտապեցին հարցազրույց վերցնել մոլդովացի ընդիմադիրներից. կոմունիստական կուսակցության պատգամավոր Ա. Պետկովն ադրբեջանական Vesti.az-ին պարզաբանեց, որ դատախազության որոշումն անհիմն է և «քաղաքական պատվիրատուների թելադրանք»:

Ապրիլի 4-ին «Օմեգա»-ն հրապարակեց չբացահայտված աղբյուրից ստացված մեկ այլ նորություն. պահեստներում մնացած զինամթերքը դատախազության որոշումից հետո ուղևորվելու է Ուկրաինա և Հայաստան: Ըստ «Օմեգա»-ի՝ այն ներառում է «Ուռագան» ռեակտիվ համակարգեր (11 միավոր մարտական մեքենա և 12 միավոր տրանսպորտային-լիցքավորող մեքենա), 27 միավոր «Շտուռմ-Ս» ինքնագնաց հրթիռային համակարգեր, 1344 «Ս-8 ԿՈՄ» հրթիռներ, 219 հակատանկային կառավարվող 9Մ114 «Շտուռմ-Ս» հրթիռներ և մեկ «Շտուռմ» 9Վ868 վերահսկող-ստուգող մեքենա: Ս-8 հրթիռները կուղևորվեն Հայաստան, մնացյալ տեխնիկան՝ Ուկրաինա: Նշենք, որ «Օմեգա»-ն այս տեխնիկան անվանում է «զանգվածային ոչնչացման զենք», մինչդեռ սա սովորական սպառազինություն է:
Սակայն հաջորդ օրը նույն լրատվամիջոցը հրապարակում է Մարինուցայի և միջնորդ «Latspeceksports» SIA ղեկավարներից մեկի նամակագրությունից մի էջ, որտեղ խոսվում է զինամթերքի տեղափոխման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու և ԵԱՀԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին:

Չի կարելի ասել, որ թեմային անդրադարձներ այլևս չեն լինի, հատկապես որ Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ. արված հայտարարություններից հետո՝ մարտի 27-ին, պաշտպանության նախարար Մարինուցան անսպասելի մեկնել էր արձակուրդի:Սակայն անկախ հետագա զարգացումներից և Ադրբեջանի գործադրած ջանքերից՝ Մոլդովայի Գլխավոր դատախազությունը փակել է քրեական գործը, բացի այդ՝ Հայաստանի կողմից միջազգային օրենքի խախտման որևէ փաստ չի արձանագրվել, քանի որ վաճառված մոլդովական զինամթերքը այլ սովորական սպառազինություն էր:

Հարկ է ընդգծել, որ դատախազության որոշմանն ընդդիմացող պաշտոնյաները հիմնականում կոմունիստական կուսակցությունից են, ուստի նրանց համար Հայաստանին զենք վաճառելու մասին թեման հարմար առիթ է՝ ևս մեկ անգամ լիբերալ կուսակցության անդամ պաշտոնյաների հրաժարականը պահանջելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *