Ռազմաշաբաթ. Հայաստան, ապրիլի 22-27

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել: Խստացվում են գարնանային զորակոչի միջոցառումները: Հայ զինծառայողները` ԱՊՀ չեմպիոն: Ռուսական ռազմաբազան անշարժ գույք է հանձնում Հայաստանին:

1. Ըստ ՊԲ մամուլի ծառայության` ապրիլի 24-ին շփման գծի հյուսիսարևելյան զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի գնդակից վիրավորվել է 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:

2. Ապրիլի 23-ին ՊՆ-ում Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ էր: Ամփոփվեցին 2012թ աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2013թ գարնանային զորակոչի խնդիրները: Ներկա էին գերատեսչությունների ղեկավարներ, զորամասերի հրամանատարներ, մարզպետներ, բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նախարարը նշեց, որ գարնանային զորակոչը ավելի է խստացվելու. «Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալ-իրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար»:

3. Ապրիլի 23-ին Երևանում կայացավ ԱՊՀ երկրների մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը: Նպատակը ԱՊՀ երկրների ԶՈՒ միջև ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում համագործակցությունն էր: Մրցաշարին մասնակցեցին ԱՊՀ 6 պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան ու Տաջիկստան) ընդհանուր թվով 37 ըմբիշներ: Հայաստանի թիմի տղաներից մի քանիսը վերջերս մասնակցել էին Եվրոպայի առաջնությանը:

Այսպիսով` առաջին հորիզոնականում Հայաստանի զինծառայող-մարզիկներն էին, երկրորդում` Ուկրաինայի, իսկ երրորդում` Բելառուսի:
Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտներին ներկա էին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը:

4. 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք:

Հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացավ ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ: Կազմը հաստատվել էր ՀՀ Նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով: ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի` ներառյալ ռազմաօդային բաղադրիչի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *