ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի պաշտպանության նախարարի հրավերով սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին: Նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հայաստանի զինված ուժերի՝ Չինաստանից գնած WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (սեպտեմբեր 2016, Երևան)
Հիշեցնենք, որ 2013 թ․ Չինաստան էր այցելել ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
ՀՀ և Չինաստանի պաշտպանության նախարարներն այդ ժամանակ ստորագրել էին Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:
Կողմերը նաև քննարկել էին ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
2017 թ․ ապրիլին Հայաստան էր այցելել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը:
Նույն տարվա հուլիսին աշխատանքային այցով Հայաստան էր եկել Չինաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը Չինաստանից է գնել WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: