ՀՀ ՊՆ ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով՝ ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով, որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը: Այս մասին նշված է օրինագծում:
Նշենք, որ գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքով՝ առաջին պայմանագրի ժամկետը ՌՈւՀ ընդունվածների և այնտեղ սովորողների համար 20 տարի է, որը ներառում է ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:
«Ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է 20 տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բավականին բարդություն է ստեղծելու 18 տարեկանում կողմնորոշվելու՝ արդյոք ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Մենք նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի, պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև 10 տարի, սակայն կուրսանտը, եթե ցանկություն ունի 20 տարով կնքել դա, ևս թույլ ենք տալիս», — «Պանորամա» լրատվակայքի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստում նշել է պաշտպանության նախարարը: