2016-ի օգոստոսի 15-ից 2017-ի օգոստոսի 15-ը Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության հակաահաբեկչական ստորաբաժանումները ձերբակալել են 649 մարդու, ովքեր մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու և Թուրքիայում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Մեկ տարում ԻՊ դեմ 117 գործողություն է իրականացվել: Ձերբակալված 649-ից 282-ը կալանավորվել է, 155-ն ազատ է արձակվել, իսկ 144 մարդ էլ ստորագրությամբ բաց է թողնվել:
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում կանխել են շուրջ 50 ահաբեկչական գործողություն: Միևնույն ժամանակ Թուրքիայի իրավապահ մարմինները երկրից արտաքսել են այլ պետությունների 940 քաղաքացու: «Աթաթյուրք» օդանավակայանից արտաքսվել է 664 մարդ, իսկ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից՝ 984 մարդ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցի համաձայն՝ 2011 թվականին մինչև 2017-ի հուլիս թուրք-սիրիական սահմանը հատելիս ամենաշատը ձերբակալվել և երկրից արտաքսվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք փորձել են անցնել սահմանը և տեղափոխվել պատերազմական գոտիներ:
Նշված ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ 2011-2017 թթ Թուրքիայից արտաքսվել է 99 երկրի շուրջ 5000 քաղաքացի:
Թուրքիան տարանցիկ երկիր է համարվում Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին միացել ցանկացողների համար: Զինյալների մեծ մասը Սիրիա և Իրաք է հասնում հենց Թուրքիայի տարածքով: