«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից վերջին խոշոր քաղաքի՝ Ռաքքայի, ամբողջական ազատագրումը հնարավոր կլինի իրականացնել մոտ 2 ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման կազմում ընդգրկված «Կանանց պաշտպանության ջոկատի» (YPJ) հրամանատար Նովրուզ Ահմեդը, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մենք չեն կարող հստակ ժամանակահատված որոշել, որի ընթացքում կավարտվի Ռաքքայի գործողությունը, քանի որ պատերազմը ունի իր պայմանները: Բայց մենք ակնկալում ենք, որ մարտերը կտևեն երկու ամսից ոչ շատ՝ այս պահից սկսած», — հայտարարել է Նովրուզ Ահմեդը
Նրա գնահատմամբ՝ Ռաքքայում դեռևս մնացել է ԻՊ 700-ից 1000 զինյալ, ովքեր հիմնականում գործում են քաղաքի կենտրոնում: SDF-ը շրջափակել է նրանց և արդեն վերահսկում է Ռաքքա քաղաքի մոտ 60 տոկոսը: Նովրուզ Ահմեդը նաև հայտարարել է, որ Ռաքքայի ազատագրման համար SDF-ը կենտրոնացրել է մոտ 15000 մարտիկ:
Սակայն ավելի վաղ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Ռաքքայի ամբողջական ազատագրման համար կպահանջվի ևս 3 կամ 4 ամիս:
«Կանանց պաշտպանության ջոկատի» (YPJ) հրամանատարը նաև նշել է, որ ներկայում արաբա-քրդական ուժերը կենտրոնացած են Ռաքքա քաղաքի գործողության վրա և առայժմ չեն պլանավորում գործողություններ Դեր Զոր նահանգում: Սակայն, մինչև այդ SDF-ի մեկ այլ հրամանատար հայտարարել է, որ մոտ ժամանակներում կսկսեն գրոհել ԻՊ դեմ Դեր Զորի ուղղությամբ:
2017-ի հունիսից SDF-ի մարտիկները սկսել են Ռաքքա քաղաքի գրոհը։ Հիշեցնենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը աջակցում է և զենք ու զինամթերք է ուղարկում Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ն այս խմբավորումը դիտում է, որպես հիմնական դաշնակից Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններում:
ԱՄՆ-ի աջակցությունը սիրիայի քրդական ուժերին լարվածությունը է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը SDF-ի կազմում ընդգրկված քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորումը դիտում է որպես «ահաբեկչական կառույց» և մեղադրում է Նահանգներին «ահաբեկիչների» աջակցելու համար: