Օգոստոսի 27-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիա-լիբանանյան սահմանից հեռանալու վերաբերյալ համաձայնության է եկել մի կողմից Լիբանանի բանակի, իսկ մյուս կողմից էլ Սիրիայի բանակի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օգոստոսի 28-ից Սիրիայի բանակը և «Հեզբոլլահը» սկսել են ԻՊ զինյալների տեղափոխումը սիրիա-լիբանանյան սահմանից: Զինյալները իրենց ընտանիքների հետ միասին տեղափոխվելու են Սիրիայի արևելյան շրջաններ:
Զինյալների տարհանման հաջող ավարտի դեպքում Սիրիա-Լիբանան սահմանը ամբողջությամբ կազատագրվի իսլամիստ զինյալներից: Բացի այդ, սա առաջին դեպքը կլինի, երբ ԻՊ զինյալները համաձայնվում են կամովին լքել իրենց վերահսկած տարածքները:
Բացի այդ, օգոստոսի 27-ին Սիրիայի կառավարական բանակը նաև պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որով հրադադար է հաստատվում Լիբանանի հետ սահմանին: Հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Սիրիայի կառավարական բանակը և «Հեզբոլլահ» շարժումը սիրիա-լիբանանյան սահմանին ԻՊ դեմ գործողություններ էին սկսել դեռևս օգոստոսի 19-ից: Նշենք, որ «Հեզբոլլահ» շարժումը Սիրիայում պատերազմի մեկնարկից ի վեր իր աջակցություն է հայտնել նախագահ Բաշար ալ-Ասադին:
Օգոստոսի 20-ից սիրիա-լիբանանյան սահմանը իսլամիստ զինյալներից «մաքրելու» գործողությունները էր իրականացնում նաև Լիբանանի բանակը: Միևնույն ժամանակ, Լիբանանի բանակը հայտարարել է, որ իր գործողությունները չի համակարգում «Հեզբոլլահ» շարժման հետ:
Սիրիա-Լիբանանյան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար: