Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 800 զինյալի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ТВ Звезда հեռուստաալիքի կայքը:
Զինյալները ոչնչացվել են Ռաքքա քաղաքի հարևանությամբ, Եփրատի ափին գտնվող Գանեմ Ալի շրջանում:
Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացվել է նաև 13 միավոր տանկ, խոշոր տրամաչափային գնդացիրներով սպառազինված 39 միավոր «փիքափ» մեքենա, 9 միավոր ականանետ և հրետանային զինատեսակ: Կառավարական ուժերը այժմ հարձակում են ծավալում Եփրատի արևելյան ափի երկայնքով:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ գլխավոր հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը հայտնել էր, որ Սիրիայում հաշվվում է ԻՊ ավելի քան 9000 զինյալ: Ներկայում նրանք հիմնականում կենտրոնացված են երկրի կենտրոնական հատվածում, Իրաքի հետ սահմանամերձ շրջաններում և Եփրատ գետի երկայնքով: