Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Օգոստոսի 26-ին Թուրքիայի զինված ուժերը տանկերի և հրետանու նոր խմբաքանակ են ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ

10 մեքենայից կազմված ռազմական շարասյունը Քիլիս նահանգով անցնելով ուղևորվել է Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ: Ըստ աղբյուրի՝ սահման է ուղարկվել 6 միավոր հաուբից, տանկերի քանակի մասին տվյալներ չեն հաղորդվում: Զինտեխնիկայի նոր խմբաքանակը անմիջապես Սիրիայի սահմանին է տեղակայվելու:

Նշենք, որ ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները:

Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումներին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և «ահաբեկչական խմբավորումներ»:

Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ Թուրքիայի «անվտանգության համար սպառնալիքի վերածվելու դեպքում» նոր ռազմական գործողություններ կսկսի քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում:

Մյուս կողմից Սիրիայի քրդերին իր աջակցությունն է ցուցաբերում ԱՄՆ-ն, որը քրդերին դիտում է որպես իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայում: Այս փաստը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը ԱՄՆ-ին նույնիսկ մեղադրել է «ահաբեկիչների աջակցելու համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *