Բունդեսվերն, ինչպես և ՆԱՏՕ անդամ այլ երկրների բանակները, ուզում է «Խելացի պաշտպանություն» կարգախոսով կրճատել ծախսերը և բարձրացնել մարտունակությունը: Բայց դեպի եվրոպական բանակ ճանապարհը երկար է ու փշոտ:
2012 թվականին ՆԱՏՕ շրջանակներում առաջ քաշվեց Smart Defence՝ «Խելացի պաշտպանություն» ծրագիրը, որին հիմնականում մասնակցում են Հյուսիսանտլանտյան դաշինքի եվրոպական անդամները։ Ծրագիրը ենթադրում է, որ ամեն մասնակից կմասնագիտանա ինչ-որ զորատեսակների և սպառազինության տիպերի վրա՝ հրաժարվելով մյուս ուղղություններից։
Դաշինքի ռազմավարական փաստաթղթերում այս մոտեցումը նկարագրած է ևս մեկ գնայուն բանաձևով՝ Pooling and Sharing, որը կարելի է թարգմանել որպես «միացնում ենք իրար ռեսուրսները և համատեղ օգտագործում»։ Բայց իրական կյանքը տարբեր է թղթի վրա գրածից։
Մարտունակության բարձրացում, թե՞ միջոցների խնայողություն։
Ըստ Գերմանիայի կառավարության պլանների՝ բունդեսվերը մինչ 2015 թ. պիտի խնայի ավելի քան 8 մլրդ եվրո։ ՆԱՏՕ անդամ եվրոպական մյուս երկրներում նույնպես նախատեսում են կրճատել ռազմական բյուջեները։ Այդ պատճառով Դաշինքի շտաբներում Smart Defence և Pooling and Sharing ծրագրերը փորձում են ներկայացնել որպես ֆինանսական միջոցների խնայողության ծրագրեր։
Բայց անվտանգության հարցերով փորձագետ, բեռլինյան «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի աշխատակից Քրիստիան Մյոլինգը (Christian Mölling) Deutsche Welle-ի հետ հարցազրույցում նշում է, որ «Գերմանիան միշտ համարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակն է իր ու արդյունավետությունը բարձրացնելը: Այն հույսը, որ կհաջողվի կրճատել պաշտպանական ծախսերը, երկրոդական է եղել»։
Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեյզերը (Thomas de Maizière) Die Zeit թերթում նույնպես զգուշացնում է. «Խելացի պաշտպանություն» ծրագրի նպատակն այն չէ, որ որոշ երկրներ այլոց հաշվին կրճատեն իրենց պաշտպանական ծախսերը։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր հույս ունեն, որ խնդիրների լուծումը, որոնց վրա իրենք խնայում են, կստանձեն մյուս երկրները։ Ավելի շուտ Smart Defence-ը ապագայում ծախսերը նվազեցնելու հնարավորություն է»։
Ահա օրինակ՝ բալթյան երկրները հրաժարվել են սեփական օդուժ ունենալ։ Նրանց օդային տարածքը հերթով հսկում են ՆԱՏՕ անդամ այլ պետությունների օդային ուժերը։ Բայց բալթյան երկրները ստիպված են վճարել դրա համար։
Հոլանդացու ինչին է տանկ պետք, եթե գերմանացին տանկ շատ ունի
Հոլանդական բանակն իր տանկերը կայանել է, իսկ անձնակազմները մարզում է գերմանական տանկադրոմում։ Բալկանյան երկրները բալթյան երկրների պես, սեփական ՀՕՊ-ի ստեղծման փոխարեն, օգտագործում են Դաշինքի համապատասխան կառույցների կարողությունները։ Գերմանական հրամանատարությամբ ծովում օդային համատեղ պարեկություն է անցկացվում։ Նախատեսվում կամ արդեն իրականացվում է մոտ 25 նմանատիպ ծրագիր։
Այնուամենայնիվ ՆԱՏՕ անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ միավորել ռազմական իրենց ներուժը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան և Իսպանիան հույսը դնում են սեփական ուժերի վրա: Գերմանիան էլ միջոցների խնայողության առումով էական տարբերություն դեռ չի տեսնում, քանի որ Բունդեսվերը չի պատրաստվում հրաժարվել սեփական ռեսուրսներից։
Բունդեսվերի պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Ֆրանկ Լայդենբերգերը DW-ի հետ հարցազրույցում նշում է, որ «ապագայում էլ Բունդեսվերի նպատակը Գերմանիայի քաղաքացիների և երկրի անկախության պաշտպանությունն է»։ Գեներալ-մայորը վստահ է, որ Բունդեսվերը պիտի լիովին պահպանի նոր սպառնալիքներին արձագանքելու իր ունակությունը։ Դրանք՝ ինչպես փորձն է ցույց տալիս, անկանխատեսելի են։
Փոքր երկրները ուզում են տնտեսել, մեծերը՝ պահպանել ինքնիշխանությունը
Ռազմական ոլորտում համատեղ շատ նախագծեր իրականացվում են ոչ թե համաեվրոպական, այլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա։ Պատճառը ճգնաժամային իրավիճակների գնահատմանը տարբեր մոտեցումներն են: Օրինակ` ԳԴՀ-ն ժամանակին հրաժարվեց մասնակցել իրաքյան պատերազմին, իսկ Մեծ Բրիտանիան իր վաղեմի դաշնակից ԱՄՆ-ի կողքին էր: Բեռլինը Լիբիայի բռնապետ Քադաֆիի զորքերի դեմ օդային հարվածներին չմասնակցեց, իսկ ահա Փարիզը դրանց միացավ:
Գերմանիայում ՆԱՏՕ անդամ երկրների սահմաններից դուրս ցանկացած ռազմական գործողություն պետք է հաստատվի Բունդեսթագում: Ռազմական ներուժի միավորումը Smart Defence-ի շրջանակներում գերմանացի պատգամավորներից կախվածության մեջ կպահի այլ երկրների արտաքին և պաշտպանական քաղաքականությունը: Փոխգնդապետ Միքայել Անգերերը (Michael Angerer) ԳԴՀ պաշտպանության նախարարության պատասխանատուն է միջազգային գործընկերների հետ Բրյուսելում շփումների համար: DW-ի հետ հարցազրույցում նա ընդունում է, որ դեռևս միայն առաջին քայլերն են արված և ՆԱՏՕ անդամ երկրներից ոչ բոլորն են նույնիսկ տեսականորեն պատրաստ զիջելու ռազմական ինչ-որ ռեսուրսներ:
ԱԹՍ-ների խնդիրը և հումանիտար օգնության մեջ մասնագիտացումը
2012 թ սեպտեմբերին Գերմանիան և Ֆրանիսան անօդաչուների համատեղ գնման և շահագործման շուրջ համաձայնության են եկել։ Իսկ մինչ այդ օգտագործում են Իսրայելից վարձակալած հետախուզական Heron 1 ԱԹՍ-ները։ Այդ պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։ Բացի այդ թե´ Գերմանիան, և թե´ Ֆրանսիան ուզում են ձեռք բերել զենք կրելու ունակ անօդաչու թռչող սարքեր:
Խնդիրն այն է, որ Eurohawk ԱԹՍ-ների գնումից Բունդեսվերը հրաժարվել է ֆինանսական պատճառներով, քանի որ 4 սարքն ու դրանց վերգետնյա կառավարման կենտրոնն ի սկզբանե պիտի արժենային ավելի քան 1 մլրդ եվրո: Այժմ փորձագետները որպես հիմք են ընդունում շատ ավելի բարձր գներ։
Պարզ չէ նաև՝ կվաճառի արդյոք ԱՄՆ-ն իր նոր Predator անօդաչուն Գերմանիային և Ֆրանսիային: Իսկ Գերմանիայում թեժ բանավեճ է սկսել, թե արդյոք էթիկապես ճիշտ է ԱԹՍ-ների օգտագործումը՝ այն էլ զենք կրող:
Հաշվի առնելով այս հանգամանքները` «Գիտություն և քաղաքականություն» հիմնադրամի աշխատակից Քրիստիան Մյոլինգը առաջարկում է բոլոր խնդիրների լուծման բավական ռադիկալ տարբերակ.«Գրավիչ մի հնարավորություն էլ կա. Գերմանիան զրոյացնում է իր ռազմական ներուժը. չէ՞ որ մեր մոտ ամեն անգամ Բունդեսթագի հավանությունը ստանալ է պետք, իսկ դա բարդ է: Փոխարենը մեր ողջ միջոցները տրամադրենք ճգնաճամային վիճակում գտնվող երկրների տնտեսության բարելավմանը և դառնանք առաջատար այդ դաշտում: Պատկերացրեք` տնտեսական ինչ կարողություն կներդնենք և ինչպիսի հարգանք ձեռք կբերենք աշխարհում»:
Սկզբնաղբյուր. НАТО хочет урезать оборонные бюджеты и повысить боеспособность