Ռուսաստանի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով երկրի պաշտպանության նախարարությունը պատվիրել է հավելյալ 2 բրիգադ «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը:
Երկու բրիգադի համար ՌԴ պաշտպանության նախարարությունը վճարելու է 20 մլրդ ռուբլի, որը ներկա փոխարժեքով համապատասխանում է 338 մլն ամերիկյան դոլարին. բրիգադը՝ մոտ 170 մլն դոլար:
ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքի հրապարակման համաձայն՝ «Իսկանդեր-Մ» համալիրի բրիգադային կոմպլեկտի մեջ մտնում է 12 արձակման կայան, 12 տեղափոխման-լիցքավորման մեքենա, ինչպես նաև կառավարման, սպասարկման համար նախատեսված 27 այլ մեքենա:
Ռուսաստանից բացի, Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» համալիր: 2016թ զորահանդեսի ժամանակ Երևանում ներկայացվել է այս համալիրի 2 արձակման կայան և 2 տեղափոխման-լիցքավորման մեքենա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի զինված ուժերում առկա է այս համալիրների առնվազն 9 բրիգադային կոմպլեկտ: «Իսկանդերներ» գնելու ամենաթարմ պայմանագիրը Ռուսաստանի ՊՆ-ն կնքել է 2011 թվականին: Դրանով նախատեսված էր 10 բրիգադ հրթիռային համալիրների մատակարարում Ռուսաստանի զինված ուժերին:
2016 թվականի նոյեմբերին հաստատվել է 8 բրիգադի ստացումը, ևս 2 բրիգադ արտադրողը նախատեսում էր մատակարարել 2017 թվականին: