Փոխնախարար. Ռուսաստանի բանակը 100 միավոր «Արմատա» տանկ կստանա մինչև 2020թ.

Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» ցուցահանդեսի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղական ռազմաարդյունաբերողների հետ կնքել է զենքի մատակարարման 26 պայմանագիր՝ ընդհանուր 2,87 մլրդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ի թիվս ձեռք բերվող այլ տեխնիկայի՝ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2020 թվականը ստանալ 100 միավոր «Արմատա» տանկ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը:

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Մինչ այս՝ դեռևս 2016-ի սեպտեմբերին, նույն պաշտոնյան հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 100 միավոր Տ-14 «Արմատա» տանկի ձեռքբերման պայմանագիր են կնքել: Առաջին խմբաքանակն արդեն գնված է և հանձնվել է փորձնական-մարտական շահագործման:

Ավելի ուշ՝ 2017-ի մայիսին, ռուսաստանյան «Իզվեստիա» կայքը հայտնել էր, որ առաջին «Արմատա» տանկերը Ռուսաստանի բանակին հանձնելու են 2020 թվականից հետո, և դրանց առաջին օրինակները ստանալու է Թամանյան դիվիզիայի 1-ին գվարդիական տանկային գունդը, որը մտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ:

Մատակարարվելիք տանկերի գների մասին Ռուսաստանի ՊՆ տեղակալը տեղեկություն չի հայտնել: Մինչ այս, ի թիվս այլ խնդիրների, «Արմատա» տանկերի մատակարարումների խոչընդոտներից էր նաև դրա բարձր գինը, որի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն բանակցություններ էր վարում տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերության հետ:

Սակայն նույնիսկ գնի վերաբերյալ հաջող պայմանավորվածության դեպքում էլ կասկածի տեղիք է տալիս այն, որ «Արմատա» տանկերի պատրաստման, գործարանային և զորային փորձարկումների ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Սա քիչ հավանական է դարձնում պաշտոնյայի նշած ժամկետում նման քանակի տանկերի ստացում:

Ընդհանրապես «Արմատա» տանկը և դրա հիմքի վրա պատրաստված այլ զրահատեխնիկան գալիս են փոխարինելու Տ-72 / Տ-90 ընտանիքի տանկերին և համապատասխանաբար դրանց հիմքի վրա պատրաստված այլ զրահապատ մեքենաներին:

«Արմատա» տանկը պատրաստվել է համանուն պլատֆորմի հիմքով: Հայտնի է, որ «Արմատայի» հիմքի վրա նախատեսվում էր պատրաստել նաև ծանր հետևակի մարտական մեքենա և այլ մարտական ու օժանդակ զրահատեխնիկա։

ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *