Թուրքիային Ս-400-ների վաճառքը համընկնում է Ռուսաստանի ռազմավարական շահերին. պաշտոնյա

Ռուսաստանի՝ Թուրքիայի Ս-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին որոշումը ընդունվելու է Ռուսաստանի աշխարահաքաղաքական շահերի հետ խիստ համապատասխանության պայմաններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիակական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրիի Շուգաևը: Հայտարարությունը փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ բանակցությունները իրոք անցկացվում են: Նախանշվել են մեր հետագա համագործակցություն հիմնական կետերը: Այդ ոլորտում բոլոր ընդունվելիք որոշումները խստորեն համապատասխանում են Ռուսաստանի ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերին», — ասել է Դմիտրիի Շուգաևը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Օգոստոսի 22-ին, Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը մոտ է կնքմանը:

Մեզ հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը հայտնեց, որ Ս-400-ների գնման պայմանագիրն իրականում դեռևս ստորագրված չէ.

«Պատրաստվել են համապատասխան փաստաթղթեր, բանակցություններ են իրականացվել, սակայն պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, հետևաբար վաղ է խոսել ժամկետների և մատակարման մասին: Մենք ունենք Թուրքիայի հետ այս կամ այն սպառազինության մատակարման մասին բանակցություններ վարելու մեծ փորձ, սակայն դրանք շատ հաճախ անարդյունք են ավարտվել,» — նշեց Լիտովկինը:

Անդրադառնալով Թուրքիային համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ փոխանցելու խնդրին՝ ռազմական փորձագետը նշեց, որ դա բավականին մեծ ժամանակ կպահանջի և մեծ ծախսեր: Ըստ Լիտովկինի՝ հնարավոր չի Թուրքիայի տարածքում տեղայնացնել Ս-400-ների արտադրության տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի տարի է, ինչ քննարկում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու տարբեր հնարավոր տարբերակներ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Թուրքիան չի կարողացել համաձայնության հասնել, քանի որ այդ երկրները չեն վաճառել ՀՕՊ համակարգեր Թուրքիային իր ցանկացած պահանջներով և գնով:

2013-ին Թուրքիան նաև համաձայնություն էր եկել Չինաստանի հետ ՀՕՊ համակարգեր ստանալու համար, սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *