Ակնկալում ենք, որ Իրաքյան Քրդստանը կհրաժարվի անկախության հանրաքվեից. Թուրքիայի ԱԳ նախարար

Օգոստոսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից Թուրքիայի միակ ակնկալիքը անկախության հանրաքվեից հրաժարումն է:
Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարին, օգոստոս 2017թ.

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարին, օգոստոս 2017թ.

Իրաք այցելության ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև այդ երկրի նախագահ Ֆուադ Մասումին, վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարը, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացում:

Նույն օրը Մևլյութ Չավուշօղլուն այցելել է նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն և հանդիպել Մասուդ Բարզանիին: Կողմերը քննարկել են անկախության հանրաքվեի անցկացումը: Չավուշօղլուն հայտարարել է, որ անկախության հանրաքվեի անցկացումը խաղաղություն և կայունություն չի բերի տարածաշրջան:

«Մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը խաղաղ ու կայուն լինի: Իրաքի տարածքային ամբողջականությանը աջակցում ենք», — ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը վերջնականապես հաստատել է, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե են անցկացնելու: Բարզանիի նման քայլին առայժմ դեմ են թե՛ Իրաքի, թե՛ Իրաքում լուրջ դիրքեր և ազդեցություն ունեցող Միացյալ Նահանգները, ինչպես նաև Թուրքիան և Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *