Օգոստոսի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ըստ թուրքական կողմի՝ պայթուցիկ սարքը տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Սարքը պայթել է զինվորական մեքենային անցման ժամանակ: Վիրավորված զինծառայողները հոսպիտալացվել են:
Չնայած վերջին շրջանում թուրքական կողմի կորուստները համեմատաբար նվազել են, սակայն ուժայիններին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալների պայքարը:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող բախումների արդյունքում ավերակների են վերածվել մի շարք բնակավայրեր: PKK-ի զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական ժանդարմերիան, ոստիկանությունը, ինչպես նաև բանակի տարբեր ստորաբաժանումներ: