Պաշտպանության բանակի հրամկազմը վարժանք է անցկացրել

Օգոստոսի 22-ին մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել Պաշտպանության բանակի վարչության, կառավարման մարմինների ներգրավմամբ և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Նշված միջոցառումներին՝ ըստ գործառութային պարտականությունների մասնակցել են բաժինների և ծառայությունների պետերը, շտաբի վարչության սպայակազմը: Իրականացված համալիր գործընթացների շրջանակում անցկացվել են տարբեր մարզումներ:

Ըստ առանձին ուղղությունների՝ համապատասխան պաշտոնատար անձինք հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են քննարկումներ, ճշգրտվել են 2017 թվականի 2-րդ կիսամյակի խնդիրները: Վերջում առաջիկա անելիքների վերաբերյալ, մարզումներին մասնակցող զինվորականները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարից:

Պաշտպանության բանակում բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *