Իրանն ու Թուրքիան, հնարավոր է, հոկտեմբերին համատեղ մարտեր սկսեն PKK-ի դեմ Իրաքում

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ համաձայնության գալու դեպքում Թուրքիայի և Իրանի զինված ուժերի ստորաբաժանումներն Իրաքի Քանդիլ և Սինջար շրջաններում գործողություններ կսկսեն 2017-ի հոկտեմբերին: Այս մասին հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքի կայքը:

PKK զինյալներ

PKK զինյալներ

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Անկարա այցելությունից հետո մեկնարկած բանակցությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 5-ը:

Հնարավոր գործողությունները տևելու են մոտ 3 ամիս և անցկացվելու են 3 փուլով: Առաջին փուլում Թուրքիայի օդուժը թիրախավորելու է Քանդիլի 48 քրդական զինված ճամբար: Առաջին փուլը տևելու է 8-10 օր: Միևնույն ժամանակ Թուրքիայի օդուժը ավիահարվածներ է հասցնելու քուրդ զինյալների դիրքերին Իրաքի Զափ, Ավաշին, Բասյան, Բերվարի, Բաթուֆա, Չեմչու շրջաններում:

Ըստ աղբյուրի՝ գործողության 2-րդ փուլում Իրանը ցամաքային գործողություններ է սկսելու Քանդիլում: Թուրքիան է միաժամանակ գործողություններ է իրականացնելու Քանդիլ և Սինջար շրջաների միջև տեղակայված քրդական կառույցի թիքունքային ապահովման կենտրոնների և ճամբարների ուղղությամբ:

Ըստ թուրքական կողմի՝ Իրանը Քանդիլի գործողությունների համար նախատեսում է ներգրավվել 42 հազար զինծառայող, ինչպես առաջնագծում այնպես էլ թիքունքում ծառայելու համար: Թուրքական կողմը ևս մեծաքանակ զորքեր է կենտրոնացնելու շրջանում:

Բացի Քանդիլում գործողության իրականացումից, հնարավոր է՝ գործողություններ իրականացվեն նաև Սինջարում: Սակայն այդ շրջանի գործողությունները դեռևս ամբողջությամբ պլանավորված չեն:

Օգոսոտոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական կառույցների դեմ Իրանի հետ համատեղ գործողությունները մշտապես երկու երկրների օրակարգում են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-17-ը Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին եղել է Թուրքիայում։ Բաղերին հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Բացի այդ, PKK-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում  Իրանի հետ սահմանին։ Իրանական կողմը ողջունել է պատի կառուցումը և հայտարարել, որ կողմ է երկու երկրների սահմանների անվտանգությանը նպաստող ցանկացած ձեռնարկման։ Իրանում գործում է PKK խմբավորման PJAK ճյուղավորումը (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»), որն իր հերթին զինված մարտեր է մղում Իրանի ուժայինների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *