Կատարը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացրել Կատարում

Օգոստոսի 22-ին Կատարի և ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության ուժերը համատեղ մեկօրյա վարժանքներ են անցկացրել Կատարի հարավային շրջանում: Վարժանքներին ներգրավված են եղել երկու երկրների զինված ուժերի պարաշյուտիստները: Այս մասին հայտնում է The Peninsula Qatar պարբերականի կայքը:

Կատարի և ԱՄՆ ԶՈւ պարաշյուտիստները վարժանքներ են անցկացրել Կատարում

Կատարի և ԱՄՆ ԶՈւ պարաշյուտիստները վարժանքներ են անցկացրել Կատարում

Վարժանքներին  ներկա է եղել և հետևել է Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամմեդ Ալ-Աթթիյահը:

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վարժանքներ երկու երկրների համաձայնության մաս են կազմում, որի շրջանակներում վարժվում և մարզվում են Կատարի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը: Վարժանքների ժամանակ երկու երկրների պարաշյուտիստները ցատկել են C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներից։

Նշենք, որ վերջերս Կատարի զինված ուժերը մի քանի վարժանքներ են անցկացրել նաև երկրում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայում ծառայող զինծառայողների հետ:

Հիշեցնենք, որ Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազայում տեղակայված են ինչպես Կատարի ռազմաօդային ուժերի, այնպես էլ Միացյալ Նահանգների օդուժի և «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի զինծառայողներ և ստորաբաժանումներ:

Կատարի և արաբական մի շարք երկրների միջև այս տարվա հունիսին առաջացած ճգնաժամի ժամանակ ամերիկյան կողմը հայտարարել է, որ որևէ պատճառ չի տեսնում իր ստորաբաժանումները և զինծառայողներին Կատարից դուրս բերելու համար:

Մինչ այդ՝ հունիսի 5-ին, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *