Օգոսոտոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական կառույցների դեմ Իրանի հետ համատեղ գործողությունները մշտապես երկու երկրների օրակարգում են: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
«Որպես սահմանակից և նույն հավատ ունեցող երկրներ, սպառնալիքի աղբյուր դարձած այս ահաբեկչական կառույցների դեմ Իրանի հետ համատեղ գործողության իրականացումը միշտ մեր օրակարգում է: Այդ հարցը երկու գլխավոր շտաբի պետերի հանդիպման ընթացքում քննարկվել է… Աշխատանքները շարունակվելու են: Քանի որ գիտեք՝ Իրանում գործում է PKK-ի PJAK ճյուղավորումը [քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»]: Դրանք մշտապես թե՛ Իրանին, թե՛ մեզ վնաս են տալիս:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքները կտան իրենց արդյունքները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-17-ը Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին եղել է Թուրքիայում։ Բաղերին հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Իրանական կողմը ողջունել է պատի կառուցումը և հայտարարել, որ կողմ է երկու երկրների սահմանների անվտանգությանը նպաստող ցանկացած ձեռնարկման։ Միևնույն ժամանակ Իրանը երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։