Ադրբեջանում ականազերծման աշխատանքներ են ընթանում

Մարտից ի վեր ադրբեջանական մամուլը լայնորեն լուսաբանում է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) միմյանց հաջորդող հայտարարությունները: Razm.info-ն արդեն հայտնել էր, որ դեռևս մարտի 26-27-ին ANAMA-ն զննելու է Միլի շրջանի դրենաժային կոլեկտորը (Հադրութի շրջանի մոտակայքում), ինչպես նաև ծրագրում է ականազերծել Սումգայիթին կից կրակադաշտը: Ապրիլի 2-ին հրապարակած ականազերծման տվյալների համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրվել և չպայթած զինամթերքից (ՉԶ) ու ականներից մաքրվել է մոտ 2կմ² տարածք: Ընդ որում չի նշվում, թե այդ տարածքից որքանն է միայն ուսումնասիրվել, իսկ որքանը՝ ականազերծվել:

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն (ANAMA)

Լուսանկարը՝ anama.gov.az

Այդ աշխատանքներին մասնակցել է 484 սակրավոր, 118 օգնական անձնակազմի անդամ, 6 ականազերծման մեքենա, 36 հատուկ վարժված շուն։ Խոսվում է նաև «ականների հետ կապված մեկ դեպքի» մասին, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:

ANAMA-ի նախագահ Նազիմ Իսմայիլովը հայտարարել է, որ կազմակերպությունը ականազերծման աշխատանքների կմասնակցի Իրաքում և Լիբանանում, քանի որ ամերիկյան ու եվրոպական կազմակերպություններն այնքան էլ լավ չեն ընդունվում տեղացիների կողմից: Բացի այդ Իրաքից սակրավորներ կժամանեն Ադրբեջան՝ համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար:

Նշենք, որ դեռևս 2009-ին Խորվաթիայի ականազերծման կենտրոնի (CROMAC) և ANAMA-ի միջև կնքվել է մարդասիրական ականազերծման համաձայնագիր: 2013-ի մարտի 27-ին CROMAC-ի և Խորվաթիայում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ քննարկվել էր Թուրքիայի հետ սահմանային տարածքների ականզերծման նախագիծը:

Մեդիադաշտում այս կառույցի ակտիվացումը հավանաբար կապված է ապրիլի չորսը՝ «Ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծմանն աջակցման» միջազգային օրը նշելու հետ։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Հայաստանում ևս ականազերծման թեմայով քննարկում է ընթացել՝ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) անդամների մասնակցությամբ, իսկ ապրիլի 2-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկել էր Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը:

One response to “Ադրբեջանում ականազերծման աշխատանքներ են ընթանում

  1. Pingback: Ադրբեջանն ավարտել է Վրաստանի հետ սահմանային շրջանի ականազերծման նախագծի առաջին փուլը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *