Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին օգոստոսի 15-ին եռօրյա այցով մեկնել է Թուրքիա։ Բաղերին արդեն հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նախատեսվում է, որ Բաղերին կհանդիպի նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին:
Երկու երկրների պաշտոնյաների քննարկման հիմնական թեմաներն են եղել՝ երկկողմ պաշտպանական հարաբերությունները, սահմանային համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցերը։
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը նույնպես երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։
Իրանական կողմը ողջունել է պատի կառուցումը և հայտարարել, որ կողմ է երկու երկրների սահմանների անվտանգությանը նպաստող ցանկացած ձեռնարկման։
Նկատենք, որ ԳՇ պետերի քննարկման թեմաներից կարող է լինել հենց քրդական հարցը։ 2017 թ. սեպտեմբերի Իրաքյան Քրդստանի քրդերը անցկացնելու են անկախության հանրաքվե, իսկ թե Թուրքիան, թե Իրանը դեմ են քրդական անկախ պետության գոյությանը։