Օգոստոսի 15-ին իսրայելական Channel-2 հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանը մեծ հեռահարության հրթիռների արտադրման գործարան է կառուցում Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Օգոստոսի 15-ին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իբրև ապացույց հեռուստաալիքը ներկայացրել է արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում է ենթադրաբար կառուցվող ինչ-որ օբյեկտ։ Ըստ հեռուստաալիքի՝ լուսանկարներում երևացող կառույցը շատ նման է Թեհրանի մոտ գտնվող հրթիռարտադրման գործարանին։
Ենթադրյալ գործարանը կառուցվում է Միջերկրական ծովի ափերին գտնվող Բանիյաս քաղաքից արևելք։
Նշենք, որ նմանատիպ տեղեկություններ մեկ ամիս առաջ տարածել էր սիրիական Zaman al-Wasl ընդդիմադիր լրատվակայքը: Ըստ լրատվակայքի՝ 2016 թվականից սիրիական Վադի Ջեհանամում գործարան է կառուցվում, որտեղ Իրանը հրթիռներ է արտադրելու։
Ըստ նույն աղբյուրի՝ գործարանը շահագործման է հանձնվելու 2017-ի վերջին։ Նշվում է, որ այնտեղ կարող են արտադրվել մեծ և միջին հեռահարության հրթիռներ, այդ թվում՝ Fateh-110 դասի (համարվում է միջին՝ մինչև 300 կմ հեռահարություն):
Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, որի շրջանակներում Իրանը նաև սպառազինություն է մատակարարում այս երկրներին։