«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցաշարին Իրանը կմասնակցի սեփական տանկերով և զրահամեքենաներով, եթե նշված զինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն ստեղծվի։
Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարի համակարգող տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդյանը. օգոստոսի 15-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նշենք, որ իրանական արտադրության տանկերից է «Զոլֆաղարը», որը Իրանի ԶՈւ-ն շահագործում է 1997 թվականից։ 2017թ. Իրանը ներկայացրել է տեղական արտադրության մեկ այլ տանկ՝ Տ-72-ի հիմքի վրա ստեղծած «Քարրարը»։
Հավելենք, որ «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարի «Տանկային բիաթլոն» մրցույթում Իրանի երրորդ անձնակազմը առաջին՝ «Անհատական մրցավազք» փուլում գրանցել էր 30 ր 55 վրկ արդյունք, երկրորդը՝ 34 ր 8 վրկ, առաջինը՝ 34 րոպե 58 վրկ:
Երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլում իրանցի տանկիստները էստաֆետային մրցավազքն անցել են 2 ժամ 12 ր 19 վրկ-ում և զրկվել եզրափակիչի ուղեգրից:
Ավելացնենք նաև, որ «Տանկային բիաթլոնի» մասնակիցները հիմնականում մրցում են ՌԴ ԶՈւ տրամադրած Տ-72Բ3 տանկերով, սակայն Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաև Բելառուսը մասնակցում են իերնց զինված ուժերի տանկերով՝ համապատասխանաբար Type-96, Տ-90Ս և Տ-72Բ3: