Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ իրականացվող գործողության ընթացքում սպանվել է 1 թուրք զինծառայող: Քրդական ուժերը նռնականետներով կրակել են նահանգի ռազմաբազաներից մեկի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Նշված շրջանում ռազմական ակտիվ գործողությունները դեռևս շարունակվում են: Թուրքական կողմը ներգրավել է նաև T-129 Atak հարվածային ուղղաթիռ:
Ավելի վաղ թուրքական նույն պարբերականը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին, սպանվել է «3 քուրդ զինյալ»:
Քրդերի դիրքերին հարվածել են Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները:
Թուրքիայում 2015 թ. շարունակվող զինված բախումներին զուգահեռ թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է նաև Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին, քանի որ կառույցի հիմնական ռազմական ճամբարները հենց նշված լեռնային շրջաններում են տեղակայված:
Սա առայժմ էական ազդեցություն չի ունեցել Թուրքիայում քրդական գործոնի ակտիվության տեսանյունից: