2017 թ. գերմանական ընկերությունները Թուրքիային վաճառել են ընդհանուր առմամբ 5,6 մլն եվրո արժողությամբ զենք-զինամթերք՝ չնայած երկու պետությունների միջև առկա դիվանագիտական ճգնաժամին, Գերմանիայից Թուրքիա զենքի արտահանման մասնակի արգելքներին:
Այս մասին Գերմանիայի Դաշնային խորհրդի պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունից. օգոստոսի 10-ին փոխանցում է գերմանական Deutsche Welle գործակալության կայքը:
Գերմանիայի խորհրդարանի ձախակողմյան կուսակցության պատգամավոր Սեվիմ Դաղդելեի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ 2017 թ. Թուրքիային վաճառվել է ավելի վաղ տարիներին կնքված պայմանագրերով նախատեսված սպառազինություն:
Նախարարությունից նաև նշել էին, որ 2016 թ. Գերմանիան Թուրքիային վաճառել է ընդհանուր առմամբ 49 միլիոն եվրոյի զենք և զինամթերք, իսկ 2015-ին՝ 26,5 մլն եվրոյի:
Գերմանական նախարարությունից նաև հայտնել են, որ 2017 թ. առաջին 4 ամսվա ընթացքում թույլատրվել է Թուրքիային 22 մլն եվրոյի սպառազինության վաճառք, իսկ 2016 թ. այդ ցուցանիշը կազմել է 83,9 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսին գերմանական նույն լրատվակայքը հայտնել էր գերմանական կառավարության կողմից Թուրքիային զենքի մատակարարումների նկատամամբ արգելքների սահմանման մասին: Նշվում էր, որ միայն 2016 թ. նոյեմբերից սկսած Գերմանիայի կառավարությունը մերժել է Թուրքիային զենք վաճառելու 11 առանձին գործարք:
2017 թ. հուլիսի 20-ին գերմանական Bild լրատվական կայքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությանը, հայտնել էր, որ Գերմանիան սառեցնում զենքի վաճառքի բոլոր, այդ թվում՝ առկա և ծրագրվող գործարքները Թուրքիայի հետ:
Սակայն այս տվյալներից պարզ է դառնում, որ Գերմանիան, չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սրմանը, Թուրքիային զենքի վաճառքի թույտվություն, ամեն դեպքում, տալիս է:
Հավելենք, որ Թուրքիան 2016-17 թթ. գերմանացի խորհրդարանականներին մի քանի անգամ թույլ չտվեց այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանական ստորաբաժանմանը, ինչից հետո Գերմանիան ստիպված եղավ իր ստորաբաժանումները Հորդանան տեղափոխել:
Բացիայդ, Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին չէր թույլատրում այցելել նաև Քոնայում ՆԱՏՕ-ի ստորաբաժանման կազմում ծառայող գերմանացի զինվորականներին: Ի վերջո պաշտոնական Անկարան թույտվություն տվեց, սակայն ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում միայն: