Ռազմաշաբաթ. Հայաստան. ապրիլի 1–7

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի կրակադաշտում արկի պայթյունից երկու երեխա է զոհվել։ ՊՆ մակնշմամբ հավկիթի վաճառքի դեպք է արձանագրվել։ ԵԱՀԿ դիտարկում հայ-ադրբեջանական շփման գծում։ Ռազմխորհրդի նիստ Արցախում։ Ռազմական ավիացիոն ինստիտուտը 20 տարեկան է։ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը տոնեց 20-ամյակը։

1. Ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում ՌԴ ռազմաբազայի տանկային կրակադաշտի տարածքում, պայթյունից զոհվել են գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանն ու 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Վահրամաբերդի գյուղապետ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբ Արթուր Մկրտչյանի հայրը կիրակի գնացել է դաշտ ոչխարներին արածացնելու, տղաներն էլ հետեւել են նրան:
«Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսիլեւը ասել է, որ «պատանիները արհամարհել են ռուսերեն եւ հայերեն տառերով գրված ցուցանակը, որը արգելում է մուտքը դեպի տարածք, անօրեն կերպով մտել են «Կամխուդ» կրակադաշտ մետաղ հավաքելու: Ներս մտնելու ժամանակ երիտասարդները նկատել են ական եւ փորձել են վերցնել: Տեղի է ունեցել պայթյուն, եւ մետաղ հավաքողները զոհվել են», — ասաց Կիսիլեւը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:

Գործի առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

2. Երևանյան խանութներից մեկում ՊՆ մակնշմամբ հավկիթ է վաճառվել: Այդ մասին հայտնել են «Առավոտը» և «168 ժամը»։ Ըստ բանակին հավկիթ մատակարարող «Աշտարակ ձու» ընկերության տնօրեն Մանասե Եփրեմյանի հնարավոր է մի քանի բացատրություն. ձուն հայտնվել է մանրածախ առեւտրի ցանցում ինչ-որ 3-րդ պահեստից կամ մակնշման պրոցեսում փոքր տատանումներ կարող են լինել, եւ 200 հազարից, օրինակ` 10-20-ին ՊՆ կնիք խփվի, ինչը ստանդարտով թույլատրելի տեխնիկական սխալ է: 3-րդ տարբերակը մրցակիցների դավադրությունն է:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Հավանաբար, մանրամասն ուսումասիրություն մենք պետք է անենք, եթե այս գործի մեջ եղավ կրիմինալ, եղան մեղավորներ, այդ մեղավորները եղան ՊՆ-ից, միանշանակ կպատժվեն»։

3. Ապրիլի 4-5-ը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբը դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ-Բարդա ուղղություններով: Ապրիլի 4-ի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հաջորդ օրը հատելով շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնել Արցախի տարածքից հակառակ կողմը: Հայկական կողմից համանախագահներին ուղեկցել են ԼՂՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:

4. Ապրիլի 4-ին Արցախում ռազմական խորհրդի նիստ էր: Քննարկվում էր մարտական հերթապահության կազմակերպման, ամրաշինական կառույցների ընթացիկ վիճակի և դրանց կատարելագործման հարցերը: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մինչ բուն օրակարգային հարցերին անցնելը անդրադարձել է շփման գծում հրադադարի խախտման պատճառահետևանքային կապերին:

5. Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը 20 տարեկան է: Ապրիլի 6-ին տոնական միջոցառմանը ներկա էին նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ և ԳՇ վարչություների պետեր, ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, կուրսանտներ ու նրանց ծնողներ: Նախարարը շնորհավորել է ներկաներին, խոսել ինստիտուտի ձեռքբերումների մասին։ Դեռևս 2006թ. ինստիտուտում սկսվեցին անօդաչու թռչող սարքերի ստեղծման աշխատանքները, ինչի շնորհիվ հաջողությամբ փորձարկվեց ՀՀ ԶՈՒ առաջին անօդաչու թռչող սարքը:

6. ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը նշեց իր ստեղծման 20-ամյակը: Ուղիղ 20 տարի առաջ` 1993թ ապրիլի 1-ին, կազմավորվեց թերթը, որն այսօր էլ ունի իր մեր ներդրումը բանակաշինության գործում: Թերթի գլխավոր խմբագիրը գնդապետ Էդվարդ Ոսկանյանն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *