Ադրբեջանի կորուստներն ապրիլի առաջին շաբաթում

Ապրիլի մեկին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ մարտի 30-ին Շահումյանի շրջանի (ադրբ.՝ «Գերանբոյի շրջանի») զորամասերից մեկում զինծառայող Սամիր Ալիևը հրազենի մաքրման ժամանակ անզգուշությամբ կրակել է՝ վիրավորելով զինվոր Թողրուլ Աբդուլլազադեին: Տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Ապրիլի 6-ին` վաղ առավոտյան, Տերտերի շրջանի (Մարտակերտի շրջանի հատվածն է ” Razm.info) զորամասում՝ մարտական դիրքերում, սեփական տաբելային զենքից արձակված գնդակից մահացել է շարքային Իմանով Էլման Յաղուբ օղլուն: Մինչ փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում, ադրբեջանական ԶԼՄ-ների մի մասը դեպքը համարում է ինքնասպանություն, մյուսները՝ ոչ մարտական պայմաններում սպանություն: Եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին, ուրեմն տարվա սկզբից ադրբեջանական բանակում մահացածների թիվն արդեն 23 է, վիրավորների թիվը՝ 18:

Ապրիլի 7-ին օրեր առաջ սահմանային շրջանում անհայտ կորած Սաբիր Քերիմովի (ծնվ. 1967թ) ազգական Մաթլաբ Մուստաֆաևը հայտնել է APA լրատվական գործակալությանը, որ Քերիմովի դին հայտնաբերվել է սահմանակից անտառում, որտեղ էլ նա ապրիլի 2-ին կորել էր: Վերջինս մահացել է ականի պայթյունի պատճառով: Մուստաֆաևի խոսքերով՝ միայն դատախազության՝ դեպքի վայրի զննումից հետո, դին կհանձնվի ընտանիքի անդամներին: Հիշեցնենք, որ շաբաթվա ընթացքում ադրբեջանական ANAMA կազմակերպությունը ականազերծման լայնածավալ գործողություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանային տարածքներում:

Նշենք նաև, որ Քերիմովը Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ էր: Նրա անհետացումից հետո Ադրբեջանում հայտարարել էին՝ գերի է ընկել հայկական կողմում: Հայաստանի՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնել էր, որ հայկական կողմը տեղեկություններ չունի Քերիմովի մասին:

One response to “Ադրբեջանի կորուստներն ապրիլի առաջին շաբաթում

  1. Pingback: Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. մայիսի 20-26 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *