Թուրքիայում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հրավերով եռօրյա այցով Թուրքիա կմեկնի Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Այս մասին օգոստոսի 13-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ Բաղերին Թուրքիա կմեկնի օգոստոսի 15-ին։

Երկու երկրների ԳՇ պետերը քննարկելու են երկկողմ պաշտպանական հարաբերություններին, սահմանային համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր։

Այցի ընթացքում Բաղերին հանդիպելու է նաև թուրք բարձրաստիճան ռազմական և քաղաքական այլ գործիչների հետ։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը նույնպես երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։

Իրանական կողմը ողջունել է պատի կառուցումը և հայտարարել, որ կողմ է երկու երկրների սահմանների անվտանգությանը նպաստող ցանկացած ձեռնարկման։

Նկատենք, որ ԳՇ պետերի քննարկման թեմաներից կարող է լինել հենց քրդական հարցը։ 2017 թ. սեպտեմբերի Իրաքյան Քրդստանի քրդերը անցկացնելու են անկախության հանրաքվե, իսկ  թե Թուրքիան, թե Իրանը դեմ են քրդական անկախ պետության գոյությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *