ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար ինքնաթիռ տրամադրելու: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ այրվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տարածքի բուսածածակ և անտառածածկ տարածքի մի մասը: Օգոստոսի 14-ի դրությամբ հրդեհը դեռևս չի հաջողվել մարել. հրդեհաշիջմանը ներգրավվել են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:
Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առայժմ ներգրավվել է 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:
Համաձայն ԱԻՆ-ի տրամադրած նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: