Սիրիայի բանակն ազատագրել է Հոմսում ԻՊ վերջին խոշոր հենակետը

Օգոստոսի 12-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են ամբողջական վերահսկողություն հաստատել Հոմս նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Աս-Սուխնա քաղաքի վրա։

Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Քաղաքում վերահսկողություն հաստատելուց հետո անվտանգություն ապահովելու և փոխուստի դիմած ահաբեկիչներին որսալու համար Սիրիայի բանակը շարունակում է մարտական գործողությունները Աս-Սուխնայի մերձակայքում։ Քաղաքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։

ԻՊ ահաբեկիչներից մաքրված Աս-Սուխնայից տեսանյութ է հրապարակել նաև Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Քաղաքի ազատագրման գործողությունները Սիրիայի կառավարական ուժերը սկսել էին օգոստոսի սկզբին։

Աս-Սուխնայի գրավումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավորություն կտա շարունակել իրենց առաջխաղացումը մինչև երկրի Դեր Զոր նահանգ և նահանգի կենտրոնի նույնանուն քաղաքը: Ներկայում ԻՊ-ն Սիրիայի տարածքի հենց այդ հատվածներում է կենտրոնացել: Աս-Սուխնայից միչև Դեր Զոր քաղաք շուրջ 140 կմ է:

Ինչ վերաբերում է Դեր Զորին, ապա այստեղ մարտական գործողությունները ևս շարունակվում են։ Քաղաքի որոշ հատվածներում տեղակայված «կառավարական անկլավի» ուժերը ԻՊ զինյալների դեմ ակտիվ մարտական գործողություններ էին սկսել օգոստոսի 9-10 ընթացքում։

Կադրերը՝ Դեր Զորում ընթացող մարտական գործողություններից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *