Ականազերծման աշխատանքներ ՀՀ մարզերում։ Հայ-ամերիկյան ռազմական համաժողով։ Շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժի կուտակում է նկատվում։ Մեդալներ` ծառայության համար։
1. Մարտի 26-ին Սեյրան Օհանյանը, սահմանային մարզերի ղեկավարներն ու համայնքապետերը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի 2012-ից իրականացրած համատեղ աշխատանքները։
ՀԱՓԿ խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է հումանիտար ականազերծման աշխատանքների ականազերծման փուլերը, ինչպես նա ՀԱՓԿ-ի առանձնահատկություններն և խնդիրները: Ըստ Նազարյանի` ոչ տեխնիկական հետազոտության 2013թ-ի մայիսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները:
Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի ղեկավար Վալերի Ֆաբբրոնին և հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդենդաալը ներկայացրել են 2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ ժամանակահատվածում ՀՀ մարզերում հիմնադրամի իրականացրած ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաև անկախ փորձագետների առաջարկները:
2.Մարտի 26-ին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության պլանավորման ամենամյա համաժողովն էր: Ներկա էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր քննարկել 2013-2014թ.թ. ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրված միջոցառումները և ստորագրման նախապատրաստել ՀՀ ՊՆ և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև պաշտպանական համագործակցության պլանը, որի նպատակներն են.
- Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման աջակցությունը` նպաստելով ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը,
- պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացման աջակցությունը` նպաստելով պրոֆեսիոնալ սերժանտական կազմի` կրտսեր հրամանատարների պատրաստմանը,
- խաղաղապահ գործողությունների, ռազմաբժշկական առաքելությունների և ականազերծման գործողությունների նախապատրաստման գործընթացի աջակցությունը,
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմով վերապատրաստման կազմակերպումը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ մարտական պատրաստության կենտրոններում:
Համագործակցության պլանը նախատեսվում է ստորագրել առաջիկա շաբաթվա ընթացքում:
3. Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը զինտեխնիկա և հատուկ ստորաբաժանումներ է կուտակում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` մարտի 25-26-ի փոխհրաձգության մասին կեղծ հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է: Նա նշել է նաև, որ ՊՆ-ն հետևում է սահմանագծին հակառակորդի կողմից նկատվող շարժին և պատրաստ է համապատասխան քայլերի:
4. Մարտի 30-ին Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Սմբատ Վարդանյանին, ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանին, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներ ավագ Արթուր Վարդումյանին, սերժանտ Հայկ Մարտոյանին, կրտսեր սերժանտ Նահապետ Ղևոնդյանին ու շարքային Արմեն Շախիկյանին պարգևատրել է «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:
Պաշտպանության նախարարը նշել է, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը և կարևորել է զինծառայողների ցուցաբերած խիզախությունը մարտական հերթապահության ժամանակ:
4 responses to “Ռազմական շաբաթվա ամփոփում` Հայաստան. մարտի 25–31”