Իրանում հաստատվել է «ԱՄՆ ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագծի նոր տարբերակը

Օգոստոսի 9-ին Իրանի խորհրդարանի  արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է «Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագծի փոփոխված տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Փոփոխված նախագիծը բաղկացած է 9 բաժնից, 27 հոդվածից։ Նոր փոփոխություններով նախատեսվում է 1000 մլրդ թուման (308 մլն դոլար) դոլար տրամադրել Իրանի պաշտպանության, հետախուզության և արտաքին գործերի նախարարություններին` միջուկային պաշտպանությունը,  տեղեկությունների մշտադիտարկումը, դիվանագիտական հիմքերը ամրապնդելու համար։

Իրանի բանակի ցամաքային ուժեր

Իրանի բանակի ցամաքային ուժեր

«Տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագծի նախնական տարբերակը հուլիսի 18-ին հաստատվել էր Իրանի խորհրդարանի բաց նիստում, այնուհետև նախագծին հավանություն էր տվել նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեն։ Այժմ փոփոխված տարբերակի ընդունումից հետո խորհրդարանի բաց նիստում այն նորից կդրվի քվեարկության և հաստատվելու դեպքում կդառնա օրենք։

Նախագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող  գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև հրթիռային ծրագրի զարգացման համար 1000 մլրդ թուման (308 մլն դոլար) տրամադրել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբին, ևս 1000 մլրդ թուման հատկացվելու է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը՝ հակաահաբեկչական պայքարին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։

Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին: «Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):

ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:

Իրանը օրինագծի ընդունումը միջուկային համաձայնագրի խախատում էր համարել և խոստացել համապատասխան ձևով արձագանքել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *