ՀՀ կառավարությունը օգոստոսի 9-ի նիստի ընթացքում որոշել է հաստատել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը։
Որոշման նախագծին կից հրապարակվել է հավելված, որով հստակեցվում է այդ կարգը։ Որոշման կետերից մեկով նախատեսվում է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել մինչև ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված և հաստատված կարգի պահանջներին համապատասխանող անձանց ցուցակները ներկայացնել ՀՀ ՊՆ-ին:
Բնակարանային ապահովումն իրականացվում է հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով.
- զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ,
- 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,
- 2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,
- 3-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։
Բնակարանային պայմանների բարելավման համար անձը դիմում է ներկայացնում իր բնակության վայրի համայնքի ղեկավարին՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Աջակցության չափը կախված է որոշում ընդունելու օրվա դրությամբ աջակցություն ստացող անձանց քանակից և հասանելիք սենյակների թվից`
- 1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին,
- 2-սենյականոց բնակարան` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին,
- 3-սենյականոց բնակարան` 4-5 մարդուց բաղկացած ընտանիքին,
- 4-սենյականոց բնակարան` 6 և ավելի մարդուց բաղկացած ընտանիքին,
- մեկական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` մինչև 18 տարեկան 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկով նախատեսվում էր ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ ուղղել ՊՆ կարիքների բավարարմանը, որի մի մասը՝ 1 մլրդ դրամ, ուղղվելու է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին բնակարան հատկացնելու ծրագրին։
Մինչ այդ՝ ապրիլի 20-ին, ՀՀ նախագահը հայտարարել է, որ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:
«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար», — նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները: