Հայաստանը դուրս մնաց «Տանկային բիաթլոնի» եզրափակչի համար պայքարից

Օգոստոսի 9-ին անցկացված «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը մրցում էր Ղազախստանի, Բելառուսի և Մոնղոլիայի թիմերի հետ: Հայ տանկիստները ելույթն ավարտել են 3-րդ տեղով՝ այդպիսով զրկվելով եզրափակչի ուղեգրից:

ՀՀ ԶՈւ տանկիստների առաջին անձնակազմը ներկայացնում էին սերժանտ Արմեն Առուստամյանը, նշանառու-օպերատոր շարքային Աշոտ Մանուկյանը, մեխանիկ-վարորդ շարքային Զավեն Աբրահամյանը: Նշվեց, որ զինծառայողները ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսից են:

ՀՀ ԶՈւ տանկիստների առաջին անձնակազմը էստաֆետը երկրորդ անձնակազմին փոխանցել է  41-րդ րոպեին, Ղազախստանը՝ 34-րդ րոպեին, Բելառուսը՝ 39-րդ:

Հայ տանկիստները, սակայն, խնդիրներ են ունեցել տանկի հետ և ստիպված են եղել փոխել տանկը՝ այդպիսով կորցնելով ժամանակ: Եթե անգամ վերահաշվարկվեն արդյունքները Հայաստանի օգտին, այնուամենայնիվ, Հայաստանը չի անցնի հաջորդ փուլ, քանի որ ընդհանուր արդյունքն առանց այդ կորցրած ժամանակի ևս բավարար չէ Բելառուսին և Ղազախստանին շրջանցելու համար:

Տանկերի մրցավազքին մասնակցում էին 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի: 19 երկրից առաջին փուլն հաղթահարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել 12 երկիր:

Երեք օրվա ընթացքում էստաֆետային մրցույթում լավագույն արդյունքները գրանցած 4 երկրի հավաքականները կվաստակեն եզրափակչի ուղեգիր: «Էստաֆետ-կիսաեզրափակիչ» փուլը հաղթահարած երկրները իրենց ուժերը կչափեն ևս մեկ էստաֆետային մրցավազքում:

Երեկ կայացել է կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցումը, Ռուսաստանը ելույթն ավարտել է առաջին տեղով՝ մրցատարածությունն անցնելով 1 ժամ 36 րոպե 1 վայրկյանում, Ադրբեջանը՝ 1 ժամ 59 րոպե 57 վայրկյանում:

One response to “Հայաստանը դուրս մնաց «Տանկային բիաթլոնի» եզրափակչի համար պայքարից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *