«Իսլամական պետությունը» հրթիռակոծել է Լիբանանի տարածքը

Օգոստոսի 7-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքից հրթիռակոծել է Սիրիա-Լիբանան սահմանային բնակավայրերը։ Այս մասին հայտնում է լիբանանյան պետական NNA գործակալությունը:

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Աղբյուրի համաձայն՝ «Իսլամական պետության» արձակած 3 հրթիռ ընկել է սիրիա-լիբանանյան սահմանի Ալ-Կաա բնակավայրի արևելյան հատվածում: Վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հրթիռակոծությւանն ի պատասխան՝ Լիբանանի զինված ուժերը հրետանիով հարվածել են սիրիա-լիբանանյան սահմանին տեղակայված ԻՊ դիրքերին:

Օգոստոսի 8-ին Լիբանանի կառավարությունը որոշել է Սիրիայի հետ սահմանին՝ Ալ-Կաա բնակավայրում և Ռաաս-Բալբեկ նահանգում, «Իսլամական պետության» դեմ գործողություններ իրականացնել: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հուլիսի վերջիս սկսած Լիբանանի զինված ուժերը, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շիայական շարժումը և Սիրիայի կառավարական ուժերը գործողություններ են իրականացնում սիրիա-լիբանանյան սահմանին՝ Արսալ նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Հեզբոլլահ» շարժումը և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը համաձայնություն են կնքել, որ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը պետք է լքի սահմանային տարածքները և հեռանա Սիրիայի Իդլիբ նահանգ: Համաձայնության շրջանակներում Լիբանանից դուրս է եկել մոտ 9000 մարդ:

Սիրիա-Լիբանանի սահմանին հիմնականում գործում են «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումները: Դեռևս 2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները ներխուժել են Լիբանանի Արսալ նահանգի համանուն քաղաք, սակայն լիբանանյան բանակը հետ է մղել նրանց հարձակումը:

Ահաբեկիչները Լիբանանի լեռնային տարածքն օգտագործում են Սիրիա ապօրինի զենքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *