Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» մասին հուշագրի իրակացմանը և հրադադարի պահպանման ամրապնդման վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը:
Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպելու են և քննարկելու են Սիրիայում իրավիճակը օգոստոսի 8-9-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր թուրք գործընկերոջ հետ քննարկել են Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման վիճակը: Քննարկել ենք Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որը տեղի կունենա Թեհրանում օգոստոսի 8-9-ին»,— ասել է Լավրովը:
Նույն օրը Լավրովը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին: Կողմերն ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև սիրիական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի հարցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է բանակցությունների 5 փուլ: Հերթական փուլը նախատեսվում է անցկացնել օգոստոսի կեսերին կամ վերջին:
Հանդիպումների ընթացքում կողմերը համաձայնվել են Սիրիայում «ապաէսկալացման կամ ոչ բախումային 4 գոտի» և հրադադարի պահպանմանը հետևող օպերատիվ խումբ ստեղծելու հարցում:
Սիրիայում հրադադարի ռեժիմը հաստատվել է 2016-ի դեկտեմբերի վերջից: Հրադադարի պահպանման երաշխավոր երկրներն են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա: