Իրանի ռազմածովայինները «Ծովային գավաթում» առանձին ելույթ կունենան

Օգոստոսի 5-ին Բանակային միջազգային խաղերի շրջանակներում անցկացվել է «Ծովային գավաթ» մրցույթի կրակային փուլը․ մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը։ Իրանցի ռազմածովայինները մրցույթին կմասնակցեն առանձին՝ օգոստոսի 7-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ադրբեջանի G-124 հերատանային նավը՝ «Ծովային գավաթ-2017» մրցույթում

Ադրբեջանի G-124 հերատանային նավը՝ «Ծովային գավաթ-2017» մրցույթում

Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի նավերը հրետանային կրակով խոցել են 3,5 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախը։ Այս փուլում առայժմ առաջին արդյունքը ցույց է տվել ռուսաստանյան թիմը, երկրորդը Ադրբեջանի, իսկ երրորդը՝ Ղազախստանի հավաքականներն են։

Իրանը այդ փուլին չի մասնակցել, քանի որ իրանական նավերի սպառազինությունը թույլ չի տալիս արդյունավետ կրակել 2 կմ-ից հեռու տեղակայված թիրախների ուղղությամբ։

Ըստ այդմ՝ Իրանի համար կազմակերպվում է լրացուցիչ՝ անհատական փուլ, որտեղ իրանցի նավաստիները պետք է փորձեն խոցել 2 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները։ Իրանական անձնակազմի ելույթից հետո կամփոփվեն մրցույթի այս փուլի վերջնական արդյունքները։

Մրցույթին ներգրավված են՝

  • Ադրբեջան՝ G-124 հերատանային նավ,
  • Ղազախստան՝ «Սարըարկա» հրետանային նավ,
  • Ռուսաստան՝ «Գրադ Սվյաժսկ» հրթիռային նավ,
  • Իրան՝ «Ջոշան» հրթիռային նավ։

Ավելացնենք, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում օգոստոսի 1-10-ն անցկացվում է «Ծովային գավաթի» մի փուլը։ Մյուս փուլն անցկացվում է Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։ Մրցույթի երկու փուլերն ըստ էության երկու առանձին մրցումներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *