Օգոստոսի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի ալ-Դահիլիյեթ զորավարժարանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում է կատարական Gulf Times պարբերականի կայքը:
Qatar Emiri Land Forces and Turkish Armed Forces leaders end "Iron Shield" exercise which include:assess situation, planning, control…etc pic.twitter.com/lTsfY2TGYh
— Abdulmoiz (@abdulmoiz1990) August 7, 2017
Զորավարժությունն անցկացվել է Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ ալ-Աթթիյահի հովանու ներքո: Ցամաքային փուլի ավարտին հետևել է Կատարի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ղանիմ բին Շահին ալ-Ղանիմը:
Ըստ Կատարի պաշտպանության նախարարության՝ զորավարժության նպատակն է եղել երկրի ցամաքային զորքերին տնտեսական ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների, ենթակառուցվածքների պաշտպանությանը նախապատրաստելը, Թուրքիայի և Կատարի զինված ուժերի գործողությունների համակարգումն ու փոխգործակցության ամրապնդումը:
«Երկաթե վահան» անվանումը ստացած զորավարժությունն անցկացվել է 3 փուլով՝ պլանավորում և նախապատրաստում, հրամանատարական կենտրոնի վարժանքները, դասընթացներ և ճեպազրույցներ:
Զորավարժությունը մեկնարկել էր օգոստոսի 1-ին: Թուրքական կողմից ներգրավվել էր Կատարում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի 250 զինծառայող և 30 միավոր զրահատեխնիկա:
Ցամաքային փուլից զատ՝ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը օգոստոսի 6-7-ին անցկացնում են ծովային զորավարժություն: Այդ նպատակով Կատար է ժամանել Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gökova ֆրեգատը՝ 214 զինծառայողով:
Կատարում թուրքական ռազմաբազայի տեղակայման գործընթացը սկսվել է դեռևս 2015-ին՝ երկու երկրների միջև կնքված ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագրի շրջանակներում:
Հատկանշական է, որ թուրքական կողմը 2017-ի հունիսին հապճեպ կարգով վավերացրեց պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: